Մկրտիչ Սարգսյանի այս տողերն եմ հաճախ հիշում.
Երգեր հյուսել էլ չեմ կարող՝
Դեմ եմ առնում վանկ ու հանգին,
Իմ չափածո անհուն կարոտ
Ինձ թողեցիր կիսաճամփին:
Գուցե թե պոեզիայի առումով կիսաճամփին մնաց, բայց Սարգսյանի արձակն արդեն ուրիշ հմայք ուներ: Սա թողնեմ գրականագետներին և հիացմունքս հայտնեմ «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիր Մկրտիչ Սարգսյանին: Իմ գրասեղանին տարիներ շարունակ բազմած են պատմվածքների մատենաշարի գրքույկները, մատենաշար, որ նախաձեռնեց գլխավոր խմբագրի տիտղոսն արժանիորեն կրող Սարգսյանը: Ապա խորհրդային տարիներին բնորոշ մամլիչների տակից փրկեց Սևակի «Եղիցի լույսը», խիզախեց հրատարակել «Մուսա լեռան քառասուն օրը», ստեղծեց «Հայ մատենագիրներ» մատենաշարը… Այսքանը՝ միայն որպես խմբագրապետ, հետո առիթներ կլինեն ներկայացնելու Մկրտիչ Սարգսյանի հեղինակած «Դեպի լեառն Աբուլ» ծավալուն ժողովածուն ու գրական շատ այլ գործեր: Ես միայն սրա՛նք շեշտեցի, ուրիշները բազում օրինակներ կբերեն:
…Մի քանի տարի առաջ Մկրտիչ Սարգսյանի այրու՝ Ելենա Դավթյանի ձեռամբ գրվեց մի հուշագրություն, ուր կենդանի Մկրտիչ Սարգսյանն է: Ի՞նչ է հուշագրությունը` մարդու, անհատի անձնական կյանքի նկարագրությո՞ւն, օրագրում երբեմնի ծածուկ շարադրած մտքերի բարձրաձայնո՞ւմ, զգացմունքների, ասելիքի այլևս անզսպելի արտահայտո՞ւմ: Եվ մի՞թե զուտ անձնական այդ մտորումները երբևէ կարող են հետաքրքիր լինել լայն ընթերցողին: Իհարկե կարող են, եթե մարդը ոտնահետքեր է թողել, որոնցով սերունդներ են անցնում, այս պարագայում՝ այո, եթե խոսքն անվանի գրողի և խմբագրապետի մասին է: Հաճախ մենք գրողի այս կամ այն գործն ընթերցելիս, որքան էլ նրա գրական աշխարհը «մեզանով անենք», այսուհանդերձ նրան լիապես ճանաչելու ուղիները փակ են մնում: Գյոթեի նման հանճարեղ բանաստեղծը մեզ համար ինչպե՞ս բացահայտվեց իր կյանքի բոլոր մանրամասներով, ուրիշների հետ ունեցած այն զրույցներով, որոնցում ավելի հստակ երևաց մարդկային կյանքի ու աշխարհի շուրջ խորհող, իմաստասեր ու անըմբռնելի խորագետ բանաստեղծը: Եվ այդ ամենը` Էքերմանի շնորհիվ:
Ո՞Ւմ հետ էր ընտանեկան հարկի տակ հաճախ հանդիպում, զրուցում Մկրտիչ Սարգսյանը, ուր բացվում էին անցյալ դարի 70-90-ական թվականների հայ գրական միջավայրի՝ մեզ անծանոթ, շատ դրվագներ: Նրանք այն ժամանակի հայտնի գրողներ, բանաստեղծներ, արվեստագետներ էին: Եվ ո՞վ էր մասնակից այդ զրույցներին, որ հետագայում (Էքերմանի արածի հանգույն) հիշել, նոթագրել ու պահել է գրական այդ բանավեճերի, երբեմն մտերմիկ լեզվակռիվների պատառիկները, որոնցից յուրաքանչյուրը գրական աշխարհի ճանաչված գործիչների կյանքի մի գեղեցիկ դրվագի մեկնություն է: Առաջին հերթին նման փաստով է արդարացվում հուշագրության հրապարակումը, այս պարագայում՝ Ելենա Դավթյանի ձեռամբ: Ահա այստեղ է, որ բացահայտվում է մեկ ուրիշ Մկրտիչ Սարգսյան:
Ճանաչումի արժանացած մարդիկ իրենց ներաշխարհից թաքցնելու բան չունեն` նախ, որ իրենց գրածների նման մաքուր է իրենց այդ ներաշխարհը, ապա և` այդ ճանաչվածներն այսուհետ մեր բոլորինն են, ընթերցողինը, և մենք, տիրական ու պահանջատեր, իրավունք ունենք նրանց նաև այդ մի կողմին ծանոթանալու: Ծանոթանալ ու հիշել, միշտ հիշել:
Շնորհավոր իմ ընկերներ Դավիթ և Վահագն Սարգսյանների հոր՝ ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան օրը։
Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ